ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Մայիսի 12-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:
Նախագահ Ռոհանին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, և որ տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Իրանի նախագահը խնդրել է դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Դեսպան Թումանյանը, նախագահ Ռոհանիին փոխանցելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, հավաստիացրել է, որ ջանքեր չի խնայի` Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, և ընդգծել միջպետական նախագծերի կարևորությունը:
Իրանի նախագահը կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում:
Նախագահ Ռոհանին բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի դերը և հավելեց, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը:
Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին իր գործունեության մեջ` Իրանի նախագահը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան:










