ՌԴ-ն թույլ է տվել Բելառուսին վարկերը վճարել ռուսական ռուբլիով

17:23 • 13.05.15

Ռուսաստանը թույլ է տվել Բելառուսին նախկինում տրամադրված հինգ վարկերը վճարել ոչ միայն դոլարով, այլև՝ ռուսական ռուբլիով: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Բելառուսի ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Իրինա Կոմարը:

 

Հաշվարկների կարգի փոփոխության մասին որոշումները հրապարակվել են Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

 

Կայքում թվարկվում են 2007, 2008, 2009 և 2014 թվականներին տրամադրված վարկերը:

 

«Մենք հնարավորություն ենք ստացել վճարել այդ վարկերը կա՛մ դոլարով, կա՛մ ռուսական ռուբլիով»,- ասել է Կոմարը:

 

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը չի նշել վարկերի ընդհանուր գումարը:

 

Բելառուսն այս տարի պետք է վարկատուներին վճարի մոտ 4 միլիարդ դոլար՝ 12,3 միլիարդ դոլարի ընդհանուր պարտքից:

 

Մինսկը ճանապարհներ է փնտրում պարտքը մասամբ վերաֆինանսավորելու համար և արդեն Ռուսաստանից 6,2 միլիարդ ռուսական ռուբլու վարկ է ստացել: Բելառուսը նաև խնդրում է Ռուսաստանին հետաձգել նախկինում տրամադրված վարկերի վճարումները: