Ստեփան Զորյանի դպրոցում տրվեց «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական նոր խաղի մեկնարկը

14:07 • 13.05.15

 

Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցում այսօր ազդարարվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական նոր խաղի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

 

«Սեփական իրավունքները ճանաչող քաղաքացին պետության հիմնաքարն է: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը և ՀՀ ՊՆ-ին աջակցության համար: Խաղը ստեղծված է աշակերտների և ՀՀ քաղաքացիների համար, այն միտված է ավելի լավ քաղաքացի և մարդ դաստիրակելուն»,-միջոցառման ընթացքում հայտարարեց «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, կարևորելով նաև, որ խաղի մեկնարկը տրվում է նման ներկայացուցչական կազմով:

 

Նոր խաղի միջոցով ցանկացողները կծանոթանան ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ում առկա օրենքներին, բանակում գործող օրենսդրական կարգին և իրավական կանոնակարգերին, կճանաչեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ շնորհակալություն հայտնեց կրթական ծրագիրն իրականացնողներին, ապա նշեց, թե կարելի ասել, որ յուրաքանչյուրի սրտից է բխում նման խաղը:

 

«Կրթված, իրազեկված յուրաքանչյուր անձնավորություն մեր պետականաշինության հիմքում պետք է լինի: Այս խաղի և՛ կազմակերպումը, և՛ ընթացքը մեր գերատեսչության յուրաքանչյուր զինվորի համար է օգտակար: Մարդու իրավունքներին տիրապետելը գերակա խնդիրներից մեկն է: Մենք առանձնանում ենք այլ բանակներից, մարդակենտրոն բանակ կառուցելու աշխատանք ենք տանում: Յուրաքանչյուր զինվոր անհատականություն է, որից կախված է բանակի ծառայությունը»,-իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ իր խոսքում ասաց, թե դեսպան լինելու լավ կողմերից մեկն այն է, որ կարողանում է դուրս գալ սենյակից և շփվել Հայաստանի քաղաքացիների, հատկապես՝ երեխաների հետ:
 

«Ես խոսեցի երեխաների հետ, որոնք գործածում են խաղը. մի տեսակ ընկճվեցի՝ տեսնելով, թե փոքրիկներն ինչքան լավ են օգտվում համակարգչից: Այս երեխաները Հայաստանի ապագան են: Իսկ այդ ապագան շատ բանով կախված է նրանից, թե որքանով են նրանք հասկանում իրավունքներն ու պարտականությունները: Կարծում եմ, որ այս աշխատանքը , կօգնի հայ աշակերտներին, որպեսզի նրանք լավ հասկանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,-նշեց Ռիչարդ Միլսը: