Գերմանական Ռայնլանդ-Պֆալցի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

14:10 • 13.05.15

Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևի միջոցով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը։ Խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու գիտակցմանը»:
 

Նրանք հորդորել են Ռայնլանդ-Պֆալցի կառավարությանն առաջ քաշել նախաձեռնություններ և ծրագրեր 1915-1916 թվականներին դեպքերի և դրանցում գերմանական կողմի պատասխանատվության ստանձնման վերաբերյալ:


Թուրքիան` որպես Օսմանյան Կայսրության հետնորդ, հրաժարվում է վայրագությունը ճանաչել որպես Ցեղասպանություն: Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը ևս Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածները Ցեղասպանություն է անվանել: