Կհրապարակվեն արքայազն Չարլզի՝ խորհրդարանին ուղղված նամակները

10:24 • 13.05.15

Մեծ Բրիտանիայում այսօր կհրապարակվեն գահաժառանգ արքայազն Չարլզի նամակները, որոնցում նա քաղաքական կարևոր հարցերի շուրջ իր պատկերացումներով է կիսվում խորհրդարանի անդամների հետ, գրում է РИА Новости-ն։

 

2004-ին և 2005-ին գրված 27 նամակները Մեծ Բրիտանիայում անվանում են «սև սարդի գրառումներ»՝ արքայազնի անհասկանալի ձեռագրի և չափազանց շատ բացականչական նշանների համար։ Մարտի վերջին երկրի դատարանը մերժել էր բրիտանական կառավարության՝ նամակների բովանդակությունը գաղտնի պահելու խնդրանքը։

 

Նամակները կհրապարակվեն մի փոքր խմբագրվելուց հետո, որպեսզի լրատվամիջոցները կարողանան օգտագործել դրանք իրենց նյութերում։

 

Թեև թագավորական ընտանիքի անդամներն իրավունք չունեն միջամտելու քաղաքականությանը, արքայազն Չարլզը հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում, որոնք առաջանում են  իր անզգույշ հայտարարությունների հետևանքով։

 

Նամակների հրապարակումը, ամենայն հավանականությամբ, դուր չի գա թագուհուն, ով իրեն երբեք թույլ չի տվել բացահայտ միջամտել քաղաքական քննարկումներին։