Արմեն Երիցյանը և Պասկալ Միշոյին քննարկել են դպրոցականների սննդակարգին վերաբերող հարցեր
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Պասկալ Միշոյին, որն առաջին անգամ է այցելում ՏԿԱԻՆ: Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակը 2015թ.-ից ՀՀ-ում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը զբաղվում է 50 000 տարրական դասարանների աշակերտների համար սննդի ապահովման խնդիրներով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության դպրոցների 80%-ը ՏԿԱԻՆ-ի լիազորությունների շրջանակներում է, ուստի նախարարությունը խիստ կարևորում է համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի հետ: Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը ոչ միայն շարունակվելու է, այլև ստանալու է առավել բարձր մակարդակ:
Նշելով, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ երեխաների ամենօրյա սննդի ապահովում և սննդի վերաբերյալ ՀՀ կառավարությանը տրամադրվող փորձագիտական ծառայություն՝ տիկին Միշոն ցանկություն է հայտնել համագործակցել նաև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում՝ աշխատելով արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրների ուղղությամբ: Կարևորելով այն փաստը, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման համար պետք է օգտագործվի տեղական արտադրության սնունդ՝ տիկին Միշոն շեշտել է, որ նպատակահարմար կլինի յուրաքանչյուր մարզի հետ աշխատել անհատապես:
ՏԿԱԻ նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրն աղետների ռիսկի նվազեցման ծրագրում ընդգրկելը ողջունելի նախաձեռնություն է՝ հատկապես Հայաստանի կողմից 2015-2030թթ. Հյոգոյի գործողությունների ծրագրի ընդունման համատեքստում: Նախարար Երիցյանը հատուկ կարևորել է նաև դպրոցներում երեխաներին տաք սննդի տրամադրման հարցը:
Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրենք սերտորեն համագործակցում են նաև Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների հետ, ուստի ծրագրի առավել արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերականգնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված կլինեն 5 նախարարություն՝ ՏԿԱԻ նախարարության ներկայացուցչի նախագահությամբ:
Հավանություն տալով տիկին Միշոյի առաջարկությանը՝ նախարար Երիցյանը նշել է, որ նախագծված խնդիրների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կիրականացվեն՝ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ:










