Լրագրողը Սյունիքում խաբեությամբ հափշտակել է 18 մլն դրամ

15:18 • 13.05.15

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է քաղաքացի Արմենակ Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Հատուկ քննչական կոմիտեն։


Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։

 

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Դավթյանը խոստացել է Ա.Գևորգյանի ղեկավարած ընկերությանը հանձնել նշված ծրագրերով նախատեսված  շինարարական աշխատանքների կատարումը՝ առաջարկելով իրեն տրամադրել  ֆինանսական միջոցներ՝ ծրագրերը կազմելու, վերակազմելու, դրանք իբր հաստատման ներկայացնելու, իսկ հետագայում էլ` ծրագրերի համար նախատեսված գումարներն իբր հափշտակած և փախուստի դիմած իր գործընկերոջը հայտնաբերելու և գումարները վերադարձնելու պատրվակով։


Ձեռք բերելով համաձայնություն նշված հարցերի շուրջ՝ Ա.Դավթյանը, չարաշահելով Ա.Գևորգյանի վստահությունը, 2011-2013թթ. նրանից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով` 18.000.000 ՀՀ դրամ եւ հափշտակել։


Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: