Հալեպում տեղի է ունեցել Ցեղասպանության նահատակների հուշակոթողի բացման արարողություն

15:26 • 13.05.15

Հալեպում հայ երեք համայնքապետերի գլխավորությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն և «Հողի կանչը» վերնագրով հանդիսություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական կայքից:

 

Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել Հ.Բ.Ը.Մ. Գ. Գյուլբենկյան կենտրոնի շրջակայքում, որին ներկա են եղել Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հալեպահայ միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Կաթողիկե համայնքի առաջնորդն օրհնել է հուշակոթողը, որի վրա փորագրված է «Հիշում եմ ու պահանջում»: Ապա մեկնարկել է «Հողի կանչ» հանդիսությունը: Ներկաները հոտնկայս հարգել են նահատակների հիշատակը:
 

Միջոցառման ընթացքում երգի, պարի, երաժշտության գեղեցիկ կատարումներ են հնչել՝ ներկայացնելով հայ ժողովրդի կյանքը նախքան ջարդերը, ջարդերի ժամանակ, ինչպես նաև ներկան ու ապագան:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հ.Բ.Ը.Մ. Մատենագիտական հանձնախմբի կազմակերպմամբ տեղի է ունեցել դասախոսություն «Մյուս թուրքը կարմիր գծից այն կողմ» թեմայով: