25 տարի է՝ փաստացի պատերազմական վիճակում ենք, բայց անկախ փորձագիտական համայնք այդպես էլ չի ստեղծվել. Կարեն Վրթանեսյան

14:38 • 13.05.15

Զորակն գիտակրթական-երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ռազմինֆո» լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Նորարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացրեց անկախ փորձագետների բացակայության հարցը:
 

«Փաստացի 25 տարի է` պատերազմական վիճակում ենք, բայց անկախ փորձագիտական համայնքն այդպես էլ չի ստեղծվել, դաշտում գործող մի քանի անուններ կան, իրենք բոլորն էլ ՊՆ-ի հետ են կապված, ՊՆ աշխատակիցներ են, և դժվար է այդ մարդկանց անկախ փորձագետ անվանել»,-ասաց Վրթանեսյանը:

 

Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներն այնքան էլ չեն սիրում այդ փորձագետներին՝ վերջիններիս հաճախ դիլետանտներ են համարելով։
 

«Սակայն փորձագիտական կադրերը խիստ անհրաժեշտ են, որպեսզի առաջին հերթին բանակի ու սպառազինության շուրջ ծավալվող քննարկումները հուզական հարթությունից տեղափոխվեն պրագմատիկ, կառուցողական քննարկումների հարթություն»,-նշեց փորձագետը:

 

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ սահմանագծում ժամանակակից սարքավորումների կիրառման վերաբերյալ սթափ, մասնագիտական վերլուծություն չկա:

 

Մեկ այլ խնդիր, ըստ նրա, ռազմաարդյունաբերության ոլորտ մուտք գործող նոր ընկերություններն են, որոնք այնքան էլ լավ չեն պատկերացնում ԶՈՒ պահանջները:

 

Փորձագետն անդրադարձավ նաև շատ քննարկվող Ադրբեջանի ռազմաարդյունաբերությանը՝ շեշտելով, որ այն այնքան հզոր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։

 

«4-5 տարի է՝ գովազդվում է Կալաշնիկովների գործարանը, ամեն տարի ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվում, որ արդեն այս տարի սկսվելու է զանգվածային արտադրությունը, այդպես էլ ոչ մի բան չի արտադրվում, բացի մի քանի ցուցանմուշներից»,-եզրափակեց նա: