Բելառուսը դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ
Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումին հաստատվեց Բելառուսի անդամակցությունը Բոլոնյան գործընթացին:
Մինչ այդ Նիդերլանդների պատվիրակն անդրադարձավ Բելառուսի Հանրապետության անդամակցության հարցին՝ ընդգծելով, որ մեծամասնությունը կողմ է Բելառուսի անդամակցմանը, սակայն հստակ չէ, թե Բելառուսն ինչ պարտավորություններ է փորձում ստանձնել:
«Առաջարկում ենք հետաձգել Բելառուսի անդամակցությունը, որ անդամակցության հետ կապված հարցեր չմնան, ներառյալ պետական պարտավորություն ուսանողների ներգրավման հարցերը»,-ասաց նա:
Շվեդիայի պատվիրակն ընդգծեց, որ համաձայն է Հոլանդիայի հետ, և կարևոր է, որ իրենք զգան պատասխանատվություն Բելառուսի կողմից ակադեմիական ազատության ապահովման և ուսանողների ներգրավման հարցում:
«Մենք համաձայն ենք Բելառուսի անդամակցությանը, բայց կարևոր է ճանապարհային քարտեզը»,-ասաց նա:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց Բելառուսի անդամակցությունն ընդունել՝ հետագայում հետևելով ճանապարհային քարտեզի պահպանմանը:
«Բելառուսը վաղուց է դիմել անդամակցության համար, և երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր, ես համակարծիք եմ գործընկերներիս հետ, որ պետք է հետևենք բեռալուսական կողմի պարտավորությունների անցկացմանը»,-ասաց նա՝ շնորհավորելով Բելառուսին անդամակցության համար:










