Բարձրագույն կրթությունը կարևորագույն արժեք է ժողովրդավարական պետության համար. Եվրահանձնակատար
Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական երկօրյա գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Տիբոր Նավրաչիչը հայտարարեց, թե այսօր բարձրագույն կրթությունը կարևորագույն արժեք է ժողովրդավարական պետության համար:
«Հակամարտությունը բազմաթիվ վտանգներ է բերում, դրանցից մեկը՝ մտքերի, գիտելիքի, փորձի փոխանակումը փակուղի մտցնելն է: Բուհերի դերն անփոփոխելի է եղել Եվրոպայում հասարակության ձևավորման համար»,-ասաց նա:
Տիբոր Նավրաչիչը նշեց, թե նոր սերունդը նորամուծական է, աշխատասեր, և վերջիններիս պետք է հնարավորություն տրվի բարձրագույն կրթական ոլորտում որակյալ կրթություն ստանալու:
«Բոլոր երկրների կառավարությունների առջև հիմա խնդիրներ կան ծառացած` ինչպես բաշխել ֆինանսները, ինչպես մասնավոր սեկտորին ստիպել կրթության ոլորտում ներդրումներ անել: Տեխնոլոգիան վերջին տասնամյակներում մեր աշխարհը շատ է փոխել` տեխնոլոգիաները փոխում են հնարավորությունները, որպեսզի գիտելիքներն ազատ հոսեն»,-նկատեց նա:
Նավրաչիչն անդրադարձավ այն խնդրին, որ եվրոպական դիպլոմները շատ երկրներում չեն ընդունվում, ինչը սահմանափակում է ուսանողների շարժունակությունը:










