ԵՄ-ն ցանկանում է օգնել Հունաստանին. Եվրախորհրդարանի նախագահ

13:23 • 14.05.15

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել Հունաստանին, սակայն Աթենքը չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը, գրում է Greek Reporter-ը։

 

«Ահա թե ինչ եմ ես ասել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ ընդունի'ր այն փաստը, որ մարդիկ ուզում են օգնել»,- ասել է Շուլցը։

 

Լրագրողի այն հարցին՝ արդյոք լավ չի՞ լինի, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, Շուլցը պատասխանել է. «Ո՛չ, առաջինը հունական տնտեսությունը կտրուկ կվատթարանա, երկրորդ՝ անհրաժեշտ է ֆինանսապես աջակցել նրան։ Երրորդ՝ ռիսկ կա, որ այդ դեպքում այլ երկրներ ևս ստիպված կլինեն երկկողմ վարկեր դուրս գրել։  Սա որոշ երկրներում կարող է կոնսոլիդացիայի հակառակ հետևանքներն ունենալ»։