Կրթությունը և գիտությունը տնտեսական աճն ավելացնելու գործիք են. Իլուգի Գունարսոն
Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն է: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշեց Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնը: Նախարարն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է երկու օր անցկացնել Երևանում:
«Իր գոյության ընթացքում Բոլոնիայի գործընթացը շատ փոփոխություններ է տեսել, վստահություն է ձևավորել: Մենք բոլորս գիտենք, որ Եվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած՝գործազրկություն երիտասարդների շրջանում, պետական պարտք, ցածր տնտեսական աճ և այլն: Կրթությունը, գիտությունը և գիտելիքը մեր լավագույն հնարավորություններն են, որ կարողանանք ավելացնել տնտեսական աճը: Կրթության մյուս առանցքը ճշմարտության և ընկալման մեր հավերժական փնտրտուքն է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Իլուգի Գունարսոնը:
Նախարարն ընդգծեց, որ իսլանդերենով «կրթություն» բառը նշանակում է «դառնալ մարդ, մշակել այն, ինչը դարձնում է մարդ արարած»:
«Սա քաղաքակիրթ հասարակության հիմքն է: Մեր աշխատանքի ամենակարևոր հատվածն է՝ մնալ մարդ, պահել մարդկայնությունը մեր մեջ, քանի որ մենք ապրում ենք քաղաքակիրթ հասարակությունում»,-նշեց նա:










