Լեհաստանը դատարանի միջոցով «Գազպրոմ»-ից պահանջում է նվազեցնել գազի գինը
Լեհաստանի Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) խոշորագույն էներգետիկ ընկերությունը ռուսական «Գազպրոմ» և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության դեմ հայցով դիմել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։ Ընկերությունը պահանջում է բնական գազի գնման երկարաժամկետ պայմանագրում գների վերանայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Գազպրոմ»-ը Լեհաստան բնական գազի ամենախոշոր մատակարարն է:
«PGNiG-ի ձեռնարկած քայլերը նպատակ ունեն պայմանագիրը համապատասխանեցնել այս պահին եվրոպական գազային շուկայում ստեղծված իրավիճակին»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Արբիտրաժային դատարան դիմումը չի բացառում առևտրային բանակցություններ անցկացնելու հնարավորությունը և մատակարարի հետ փոխշահավետ համաձայնագրի ձեռքբերումը»,- նշված է հայտարարության մեջ:
Լեհական ընկերությունը ստիպված է եղել դիմել Ստոկհոլմի դատարան այն բանից հետո, երբ 2014 թվականի նոյեմբերին «Գազպրոմ»-ի հետ սկսված բանակցություններն արդյունք չեն տվել:










