Թաիլանդում ներգաղթյալների ընդհանուր գերեզման է հայտնաբերվել

12:46 • 14.05.15

Թաիլանդի հարավում` ստրուկների առևտրով զբաղվողների ճամբարում, իրավապահներն արտաշիրիմել են 3 մարդու դի, որոնք, ըստ ամենայնի, պատկանում են ռոհինջա ցեղին: Ինչպես նշում է tass.ru-ն, Մալայզիայի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող ու ջունգլիներում թաքցրած ճամբարը դատարկ է եղել:



Ըստ իրավապահների տեղեկությունների՝  դեռևս 10 օր առաջ ճամբարի տերերն այնտեղ բռնի կերպով պահել են ռոհինջա ցեղի մոտ 200 ապօրինի ներգաղթյալի, որոնց մտադիր են եղել ստրկության վաճառել Մալայզիայում:



Աղբյուրը հիշեցնում է, որ ներգաղթյալների առաջին ընդհանուր գերեզմանները Թաիլանդում հայտնաբերվել են մայիսի 1-ին: Ներկայում հայտնաբերված դիակների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

 

Հայտնի է, որ իրավապահները հատուկ գործողությունների շրջանակում հայտնաբերել են այսպիսի 20 ճամբար, որից ամենամեծը նախատեսված է եղել 1.000 մարդու համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Թաիլանդի հարավային մասով ռոհինջա ցեղի ներկայացուցիչները փորձում են փախչել Մյանմայից: Սակայն մուսուլման ներգաղթյալները հաճախ դառնում են ստրկավաճառների զոհը:

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ռոհինջաներն աշխարհում ամենաշատ բռնաճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնություններից են: Մյանմայում բնակչության մեծ մասը բուդդիզմ է դավանում ու հրաժարվում է ճանաչել մուսուլման ռոհինջաներին` վերջիններին որակելով որպես ապօրինի ներգաղթյալ: