ԵԲԿՏ գագաթաժողովի ավարտին ընդունված «Երևանյան կոմյունիկեի» տեքստը
Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի աշխատանքների ավարտին այսօր ընդունվեց «Երևանյան կոմյունիկեն»։
Կոմյունիկեի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ ստորև.
«Մենք` նախարարներս, հանդիպելով Երևանում մայիսի 14-15-ին, հպարտ ենք գիտակցել, որ այն տեսլականը, որը ոգեշնչել է մեզ նախորդած ջատագովներին Բոլոնիայիում, հիմք է հանդիսացել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծմանը. տարածք, որտեղ տարբեր քաղաքական, մշակութային և ակադեմիական ավանդույթներով 47 երկրներ համագործակցում են բաց երկխոսության, ընդհանուր նպատակների և պարտավորությունների հիմունքներով:
Միասին մենք ներգրավված ենք մեր բարձրագույն կրթական համակարգերի կամավոր համագործակցության և համակարգված բարեփոխումների գործընթացում: Սա հիմնված է բարձրագույն կրթության հանրային պատասխանատվության, ակադեմիական ազատության, ինստիտուցիոնալ ինքնավարության և ինտեգրման հանձնառության վրա: Սա կախված է հանրային հաստատուն ֆինանսավորումից և իրականացվում է աստիճանների համընդհանուր համակարգի, սկզբունքների և որակի ապահովման և ճանաչման գործընթացների համատեղ ըմբռնման և մի շարք նմանատիպ գործիքների միջոցով:
Ի շնորհիվ Բոլոնիայի բարեփոխումների` առաջընթաց է գրանցվել ուսանողների և շրջանավարտների ԵԲԿՏ-ում շարժունության հնարավորությունների ծավալման առումով` ճանաչելով նրանց որակավորումները և ուսման ընթացքը: Ուսումնական ծրագրերը շրջանավարտներին տալիս են գիտելիքներ, հմտություններ և ունակություններ` կամ շարունակելու ուսումը, կամ մուտք գործելու եվրոպական աշխատաշուկա: Հաստատությունները զգալիորեն ակտիվանում են միջազգային կոնտեքստում, իսկ ակադեմիական անձնակազմը համագործակցում է համատեղ դասավանդման և հետազոտական ծրագրերի շրջանակներում: ԵԲԿՏ-ն երկխոսություն է մեկնարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ և համարվում է համակարգված համագործակցության մոդել:
Այնուամենայնիվ, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը անհավասար է, քանզի գործիքները միշտ չէ, որ ճիշտ են կիրառվում, իսկ ԵԲԿՏ-ի ամբողջ ներուժը օգտագործելու համար անհրաժեշտ է մեր բարձրագույն կրթական համակարգերի շարունակական բարելավումը, ինչպես նաև ակադեմիական համայնքների լայնորեն ներգրավումը: Մենք հանձնառում ենք ավարտել աշխատանքը և գիտակցում ենք մեր համագործակցությանը նոր լիցք տալու անհրաժեշտությունը:
Այսօր ԵԲԿՏ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Այն բախվում է շարունակական տնտեսական և սոցիալական ճգնաժամի, գործազրկության դրամատիկական մակարդակների, երիտասարդների աճող մարգինալացման, ժողովրդագրական փոփոխությունների, նոր միգրացիոն կաղապարների և երկրների ներքին և արտաքին հակամարտությունների, ինչպես նաև ծայրահեղականության և արմատականացման հետ: Մյուս կողմից ուսանողների և աշխատակազմի լայնածավալ շարժունությունը հանգեցնում է փոխըմբռնմանը, մինչ գիտելիքի և տեխնոլոգիայի արագընթաց զարգացումը, որը իր հերթին ազդեցություն է ունենում հասարակութունների և տնտեսությունների վրա, կարևորագույն դերակատարում ունի բարձրագույն կրթության և հետազոտության ձևափոխման վրա:
ԵԲԿՏ-ի դերը, վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու և նմանատիպ հնարավորություններն առավելագույնին հասցնելու գործում, առանցքային է, որը կիրականացվի եվրոպական համագործակցության, փոխանակման և ամբողջ աշխարհում գործընկերների հետ երկխոսության միջոցով, ինչպես նաև ընդհանուր նպատակների հետապնդմամբ: Մենք պետք է նորովի մատուցենք մեր նախնական տեսլականը և ամրապնդենք ԵԲԿՏ-ի կառուցվածքը:
Նորացված տեսլականը. մեր առաջնային խնդիրները
Մինչ 2020-ը մենք հաստատապես որոշել ենք նվաճել այնպիսի ԵԲԿՏ, որտեղ մեր համընդհանուր նպատակները կիրառվում են բոլոր անդամ երկրներում` ապահովելով փոխադարձ վստահություն միմյանց բարձրագույն կրթական համակարգերում, որտեղ որակավորումների ավտոմատ ճանաչումը իրականություն է` թույլ տալով ուսանողներին և շրջանավարտներին ազատ տեղաշարժվել, որտեղ բարձրագույն կրթությունը նպաստում է կառուցել ընդգրկուն հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդկային իրավունքների վրա, և որտեղ կրթական հնարավորությունները տրամադրում են եվրոպական քաղաքացիության, նորարարության և աշխատանքի հնարավորության համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ:
Մենք կաջակցնեք ուսանողներին և աշխատակազմին ավելի լավ տիրապետել ակադեմիական ազատության հետ կապված իրենց իրավունքներին:
Մենք կաջակցենք բարձրագույն կրթական հաստատություններին գործադրել բոլոր ջանքերը` նպաստելու միջմշակութային փոխըմբռնմանը, քննադատական մտածողությանը, քաղաքական և կրոնական հանդուրժողականությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև ժողովրդավարական և քաղաքացիական արժեքներին` ամրապնդելու համար եվրոպական և գլոբալ քաղաքացիությունը և հիմք հանդիսանալ ընդգրկուն հասարակությունների ստեղծման համար:
Մենք նաև կամրապնդենք ԵԿԲՏ-ի և Եվրոպական հետազոտական տարածքի միջև կապը:
Առաջիկա տարիներին մեր ընդհանուր ձգտումը կլինի հասնել այս նպատակներին նոր համատեքստում:
Ուսուցման և դասավանդման որակի և համապատասխանության բարելավումը ԵԿԲՏ-ի գլխավոր առաքելությունն է: Մենք խրախուսելու և աջակցելու ենք բարձրագույն կրթական հաստատություններին և աշխատակազմին կիրառել մանկավարժական նորարարական մեթոդներ ուսանողակենտրոն կրթական միջավայրերում և ամբողջովին շահագործել թվային տեխնոլոգիաների ողջ ներուժը ուսուցման և դասավանդման գործընթացների ընթացքում:
Մենք կխրախուսենք դասավանդման, ուսուցման և հետազոտության միջև ամուր կապը ուսումնական բոլոր մակարդակներում, որը խթան կհանդիսանա ուսումնական հաստատությունների, դասավանդողների և ուսանողների համար կիրառել գործնական քայլեր, որոնք թույլ կտան զարգացնել ստեղծարարությունը, նորարարությունը և ձեռնարարությունը: Կրթական ծրագրերը ուսանողներին պետք է հնարավորութուն ընձեռեն զարգացնել այնպիսի ունակություններ, որոնք լավագույնս կարտացոլեն ինչպես անձնական ձգտումները, այնպես էլ հասարարական պահանջները` արդյունավետ ուսումնական վերջնարդյունքների միջոցով:
Այս ամենը պետք է ուղեկցվի ուսումնական վերջնարդյունքների,աշխատանքային ծավալի, ուսուցման ավելի ճկուն ուղիների, ինչպես նաև համապատասխան դասավանդման և գնահատման մեթոդների թափանցիկ նկարագրությամբ: Անհրաժեշտ է գնահատել և խթանել որակյալ դասավանդումը, ինչպես նաև հնարավորություններ ստեղծել զարգացնելու համար ակադեմիական կազմի դասավանդման ունակությունները: Ավելին, մենք կներգրավենք ուսանողներին, որպես ակադեմիական համայնքի լիիրավ անդամներ, ինչպես նաև այլ շահառուների ուսումնական պլանի կազմման և որակի ապահովման գործընթացներում:
ԵԲԿՏ-ի հիմնական նպատակն է շրջանավարտներին իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային և ինքնազբաղվածության ավելի լայն հնարավորություններով և անել դա անընդհատ թարմացվող աշխատանքային պրոֆիլների ստեղծմամբ, որոնք կհամապատասխանեն տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված արագորեն փոփոխվող աշխատաշուկաների պահանջներին:Մենք պետք է վստահ լինենք,որ յուրաքանչյուր ուսումնական ցիկլի վերջում շրջանավարտները կտիրապետեն այն բոլոր հմտություններին, որոնք հնարավորություն կտան նրանց հեշտորեն մուտք գործել աշխատաշուկա և ձեռք բերել նոր հմտություններ, որոնք էական նշանակություն կունենան նրանց հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Մենք կաջակցենք բարձրագույն կրթական հաստատություններին այս նպատականերին հասնելու համար բացահայտել նոր ու բազմապիսի ուղիներ, օրինակ ամրապնդելով գործատուների միջև եղած երկխոսությունը, իրականացնելով ծրագրեր, որոնք կապահովեն տեսական և գործնական բաղադրիչների հավասարակշռությունը, և հետևելով շրջանավարտների կարիերայի զարգացումներին: Մենք կկիրառենք ուսուցման և կացության համար միջազգային շարժունությունը` որպես ուսանողների հմտությունները և աշխատանքային հնարավորությունները ընդլայնելու ազդեցիկ միջոց:
ԵԲԿՏ-ի համար էական է մեր համակարգերն ավելի ընդգրկուն դարձնել, քանզի մեր բնակչությունը դառնում է ավելի ու ավելի բազմատարր և միգրացիային ու ժողովրդագրական փոփոխություններին համահունչ: Մենք պարտավորվում ենք ընդլայնել մասնակցությունը բարձրագույն կրթության ոլորտում և աջակցել հաստատություններին, որոնք տրամադրում են համապատասխան ուսումնական գործունեություն տարբեր սովորողների համար, այդ թվում նաև` շարունակական ուսումնառության համար: Մենք զարգացնելու ենք նաև կրթական տարբեր սեկտորների միջև թափանցիկությունն ու փոխադարձ կապը:
Մենք խթանելու ենք բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածությունը և բարելավելու ենք կրթության հասանելիության և ավարտելու հնարավորությունները` ներառյալ միջազգային շարժունությունը անապահով խավի ուսանողների համար: Հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին և աշխատակազմին մենք կտրամադրենք ազատ տեղաշարժվելու հնարավորություն` ապահովելով նրանց տունդարձը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Մենք նաև ցանկանում ենք խթանել դասավանդող ուսանողների ազատ տեղաշարժը` հաշվի առնելով նրանց ունեցած կարևոր դերակատարումը եվրոպական ազգերի գալիք սերունդների ուսուցանման գործում:
Համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը ԵԲԿՏ-ի ամրապնդման և երկարաժամկետ կտրվածքով հաջողության հասնելու կարևորագույն նախապայմաններից է: Համընդհանուր աստիճանների կառուցվածքը և կրեդիտային համակարգը, որակի ապահովման միևնույն չափանիշներն ու ուղեցույցները, շարժունության և համատեղ ծրագրերի ու աստիճանների համագործակցությունը հանդիսանում են ԵԲԿՏ-ի հիմնաքարերը:
Այս կերպ մենք կմշակենք ավելի արդյունավետ քաղաքականություն՝ արտասահմանում ձեռք բերված կրեդիտների, ակադեմիական և մասնագիտական նպատակներով ստացած որակավորումների և նախնական կրթության ճանաչման համար:
Ազգային մակարդակով համաձայնեցված բարեփոխումների ամբողջական և հետևողական իրականացումը պայմանավորված է օրենսդիր մարմինների, ակադեմիական համայնքների և շահառուների ավելի լայն ներգրավմամբ: Որոշ երկրներում գործընթացի թերի կատարումը կամ խափանումը կասկածի տակ է դնում ողջ ԵԲԿՏ-ի գործունեությունն ու վստահելիությունը:
Այս նպատակով մեզ բարեփոխումների իրականացման ավելի ճշգրիտ չափանիշներ են հարկավոր յուրաքանչյուր անդամ երկրից` որպես հաշվետվություն: Մենք կտրամադրենք նպատակային աջակցություն համաձայնեցված գաղափարների իրականացման հարցում դժվարություններ ունեցող անդամ երկրներներին` քաղաքական երկխոսության առաջնակարգ փորձի փոխանակման միջոցով:
ԵԲԿՏ-ի կառավարումը և աշխատանքային մեթոդները պետք է զարգանան, որպեսզի դիմակայեն այս մարտահրավերներին: Մենք խնդրում ենք Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբին (ԲԳՀԽ) վերանայել և դյուրացնել ԲԳՀԽ-ի կառավարումը և աշխատանքային մեթոդները, ներառել բարձրագույն կրթության գործիչներին աշխատանքային ծրագրում, և մեր մյուս հանդիպման ժամանակ ներկայացնել առաջարկություններ, որոնք կանրադառնան գործընթացի հիմնական պարտավորությունները չկիրառելու հարցին:
Մենք ուրախությամբ ընդունում ենք Ֆրանսիայի առաջարկությունը հյուրընակալել մեր հաջորդ հանդիպումը 2018-ին և քարտուղարություն տրամադրել ԵԲԿՏ-ի համար 2015-ի հուլիսից մինչև 2018-ի հունիս:
Նախարարները ողջունում են Բելառուսի ԵԲԿՏ-ին անդամակցելու դիմումը և մասնավորապես Բելառուսի պարտավորությունը կիրառել բարեփոխումները Բոլոնիայի գործընթացից 16 տարի անց` համադրելի դարձնելով իր բարձրագույն կրթության համակարգը և գործունեությունը ԵԲԿՏ-ի այլ երկրների համակարգերի հետ: Հիմնվելով այս ամենին` նախարարները ողջունում են Բելառուսին որպես ԵԲԿՏ-ի անդամ և անհամբերությամբ սպասում են աշխատել տեղական իշխանությունների և շահառուների հետ` կիրառելու համար ԲԳՀԽ-ի կողմից առաջարկված բարեփոխումները, որոնք արտացոլված են Բելառուսի անդամակցությանը կից համաձայնեցված աշխատանքային քարտեզում:
Վերջապես մենք հաստատում ենք հետևյալ աշխատանքային խմբերի (ԱԽ) զեկույցները` Բոլոնիայի գործընթացի hաշվետվության իրականացման ԱԽ, Կառուցվածքային բարեփոխումներ ԱԽ, Շարժունություն և միջազգայնացում ԱԽ, Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածություն և շարունակական կրթություն ԱԽ, Ավտոմատ ճանաչման հետախույզ խումբ: Մենք որդեգրում ենք Հավելվածում ներառված չափանիշները և օգտագործում ենք այս հնարավորությունը` ընդգծելու բոլոր անդամների և խորհրդատու անդամների ամբողջական մասնակցությունը ԲԳՀԽ-ի աշխատանքին և ԵԲԿՏ-ի աշխատանքային ծրագրի աջակցմանը»:










