Չինաստանը 50 մլրդ դոլար է ներդնում Բրազիլիայի տնտեսության մեջ

10:09 • 15.05.15

Չինաստանը մտադիր է Բրազիլիայի նոր ենթակառուցվածքային նախագծերում 50 միլիարդ դոլար ներդնել: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի փոխարտգործնախարար Ժոզե Գրասա Լիման Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի պաշտոնական այցից առաջ, գրում է ria.ru-ն:

 

«Խոսքը մոտ 50 միլիարդ դոլարի մասին է, պետք է սպասել այցի ավարտին թվերը հստակեցնելու համար և հասկանալու համար, թե կոնկրետ ինչ նախագծեր են դրանք լինելու»,- ասել է Գրասա Լիման:

 

Մայիսի 19-ին նախատեսված են Լի Կեցյանի բանակցությունները Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: 12 տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տասն անգամ աճել է՝ 2001 թվականի 8,3 միլիարդ դոլարից 2013 թվականին հասնելով 83,3 միլիարդ դոլարի:

 

Չինաստանը հետաքրքրվում է Բրազիլիայից Խաղաղ օվկիանոսի ափ նաև Պերուն ներգրավող տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծով, ինչը թույլ կտա լրջորեն ավելացնել բրազիլական արտահանումը Չինաստան: