ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին քննարկվում է երևանյան կոմյունիկեն (ուղիղ, թարմացվում է)

11:37 • 15.05.15

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝  նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված  է պրոֆեսիանալ թիմի կողմից և բով նդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԲԿՏ բոլոր երկրների համար: 

 

Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:


Միաժամանակ ԵԲԿՏ  երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ զուգահեռ նիստեր են ընթանում «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը»,  «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները»  և «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանկից երկներում - «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով: 

 


13.22


Բոլոնիայի գործընթացի շրջանակում ուսանողների հիմնական մարտահրավերը ֆինանսական խնդիրն է. Բրյուսելի պատվիրակ


Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարարության ներկայացուցիչ Քեվին Գիյոմը հայտարարեց, թե իրենց ցանկությունն է՝ ձևավորել ավելի համապարփակ ու հանդուժող հասարակություն: 


Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնցից առաջինը ֆինանսական խնդիրներն են:


«Ֆինանսական խնդիրներն անմիջական ազդեցությունն են ունենում ուսանողների և կրթական մակարդակի վրա»,-ասաց նա:


Քեվին Գիյոմը կարևորեց նաև միջազգայնացման գործընթացի ապահովումը՝ ընդգծելով, որ կան ուսանողներ, ովքեր չեն ցանկանում արտասահմանում շարունակել կրթությունը, ուստի պետք է քայլեր ձեռնարկել միջազգայնացման խթանման համար:



13.10

Բոլոնիայի գործընթացում պետք է կամուրջներ կառուցենք այնպես, ինչպես քոչարիի դեպքում. Գերմանիայի պատվիրակ


Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության տնօրեն Պիտեր Գրայսլերը երեկ անակնկալի է եկել, երբ իրեն փորձել են քոչարի սովորեցնել:


«Մենք չգիտեինք, որ պետք է պարել սովորենք»,- Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ասաց նա՝ նշելով, որ իր համար հատկապես տպավորիչ էր եղել «կամուրջներ կառուցելը»՝ միմյանց ձեռքը բռնելով:


«Մեզ երեկ սովորեցրել են կամուրջներ կառուցել՝ պարի միջոցով, իսկ կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը և աջ կամ ձախ գնալ: Այո, մենք պետք է կամուրջներ կառուցենք նաև Բոլոնյան գործընթացում, ինչպես երեկ Բելառուսի հետ կամուրջ կապեցինք՝ նրանց անդամագրելով»,-ասաց նա:


Բանախոսն անդրադարձավ նաև չօգտագործված աշխատուժին, ինչպես նաև նշեց. «Մենք մի այլ հակասություն էլ ունենք՝ բարձրագույն կրթության կարողություններ այն տարածաշրջանում, որտեղ կրթության կարիք այդքան էլ չկա, և հակառակը»։ 


Ըստ նրա՝ Բոլոնիայի գործընթացի հիմնաքարերից մեկը ինքնավարությունն ու շարժունակությունն է, որն օգնում է պատասխանել շուկայի մարտահրավերներին:



13.03

ԵԲԿՏ-ի հիմնական խնդիրը ոչ միայն իրականացումն է, այլ նաև նախագիծը, որը թեև սխալ չէ, բայց հին է և ոչ լիարժեք. Լիվիու Մատեյ


Կենտրոնական եվրոպական համալսարանի պրոռեկտոր Լիվիու Մատեյը Երևանում ընթացող ԵԲԿՏ-ի նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին կարևորեց հետազոտողների խորհրդաժողովի յուրահատուկ փորձը Եվրոպայում, որի միջոցով էլ պետք է բացահայտվեն քաղաքականության հիմնական բացերը:


«Չնայած ԵԲԿՏ շարունակում է կարևոր պոտենցիալ ունենալ, բայց նախնական դիզայնի փոփոխության ուղղությամբ պետք է նորից մտածել, չպետք է մերժենք գաղափարը, բայց նոր տեսլական պետք է մտածենք, և դա լինի ոչ թե տեխնիկական, այլ գաղափարային»,- ասաց նա:


Լիվիու Մատեյը մի քանի առաջարկություններով հանդես եկավ, մասնավորապես խնդրեց նախարարներին վերահաստատել ԵԲԿՏ քաղաքականությունը՝ ճանաչելով ազգային մարտահրավերները և առաջնահերթությունները:


«Առաջարկվում է, որ նախարարները վերահաստատեն իրենց  պարտավորությունը՝ նոր տեսլական նշանակելու համար՝ հիմք ընդունելով այն, որ գլոբալ համատեքստը էական փոխվել է»,- ասաց նա:


Երրորդ առաջարկն այն էր, որ նախարարները հստակ կետերով պետք է  նշանակեն, առաջնահերթ ոլորտները՝ լավ, որակյալ կրթություն ունենալու համար:


Վերջին առաջարկն էր  աշխատանքային խումբ ձևավորել ոլորտների տարբերության հետազոտության համար:


Նա նշեց, թե քննարկումներից հասկանալի էր իր համար, որ մասնակիցների համար բազմաթիվ տարրեր համադրելի են: Օրինակ՝ հնարավորություն ունենալով ուսումնասիրել «Երևանյան կոմյունիկեն»՝ հռչակագիրը, ուրախացել է, որ առաջարկների մի մասը ներառված են դրանում, ինչը դրական փաստ է:


Կենտրոնական եվրոպական համալսարանի պրոռեկտորը նաև խոսեց ֆորումի երեկվա և այսօրվա ելույթներից ու եզրահանգումներից և նկատեց. «Ճշմարիտ է, որ իրականացման խնդիր կա, բայց նախագծի խնդիր էլ կա: Առաջարկվող նախագիծը հիմնարար սխալ չէ, բայց այս նախագիծը հին է և ոչ լիարժեք»: Ապա օրինակ բերեց, թե Բոլոնիայի գործընթացը բավարար ուշադրություն չի դարձնում տեխնոլոգիայի մարտահրավերներին: «Սա նոր տարր է, որը պետք է ներառենք, պետք է թվայնացնել ամբողջ գործընթացը: Պետք է ընդունել, որ Բոլոնիայի գործընթացում սա խնդիր է, հակառակ դեպքում գործընթացին չենք հասնի»,-եզրափակեց նա:
 



12։00

Բարձրագույն կրթությունը պետք է լինի բարձորակ և մատչելի. Արմեն Աշոտյանի ակնկալիքները Բոլոնյան գործընթացից
 

Բարձրագույն կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի. Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


Նախարարը նկատեց, թե համալսարանների դերը վերջին տասը տարիների ընթացքում թերագնահատել են, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ըստ նրա՝ Բոլոնիայի քաղաքականությունը պետք է ուղղված լինի բյուրոկրատիայի կրճատմանը, պետք է մեծ ուշադրություն դարձնել փոխանակման ծրագրերին, իսկ ծրագրերը միաժամանակ մոնիթորինգի ենթարկվեն:


Նախարարը շեշտեց, թե բարձրագույն կրթական հաստատությունները պետք է համաժամանակյա արձագանքեն շուկայի կարիքներին: Նրա խոսքով՝ պետք է ավելի շատ թվայնացում և տեխնոլոգիական զարգացում ապահովել:


«Պետք է թիրախային  աջակցություն ցույց տալ այն երկրներին, որոնք խնդիրներ ունեն բարեփոխումների իրականացման գործում: Սա կարող է լինել մեր արձագանքը Բոլոնիայի գործընթացին»,-հավելեց նա:


Նախարարը համոզված է՝ Բոլոնիայի գործընթացն ավելին է, քան պարզապես համագործակցությունը:


«Սա  պարտավորություն է՝ զարգացնել մի տարածք, որի շրջանակներում ուսանողները և շրջանավարտները կարող են համագործակցել ընդհանուր կառուցվածքի շրջանակներում»,-ասաց նա:


Արմեն Աշոտյանն իր ելույթը եզրափակեց երեկվա նիստի փակման ժամանակ հնչեցված մի մոտեցմամբ. «Եթե մենք ցանկանում ենք գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ ակնկալիքներ ունենք գործընթացից, պետք է պատասխանենք այս հարցին, թե ինչ տեսակ հասարակություն ենք ցանկանում ունենալ»: