Ականազերծված տարածքները հանձնվել են Սյունիքի մարզպետարանին. ՀՀ ՊՆ

17:25 • 15.05.15

Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Սրաշենի և Ներքին Հանդի գյուղապետերը, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատարը,  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  ղեկավարությունը, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի համակարգողներ Կատիե Քոֆիեն և Մրֆի Մքլոյը:


Հանձնման արարողության ընթացքում մարզպետի տեղակալը իր գոհունակությունը հայտնեց  ականազերծման աշխատանքների իրականացման մասնակիցներին և կարևորեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են օգտագործել  մաքրված հողատարածքները գյուղատնտեսական նշանակությամբ:


Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի  ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ: