ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հետաքննություն է սկսել օրենսդիրների՝ Բաքու այցելության առնչությամբ

10:57 • 15.05.15

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել 2013 թվականին Կոնգրեսի 10 և անձնակազմի 32 անդամի Բաքու ուղևորության ծախսերն Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից գաղտնի ֆինանսավորվելու փաստի առթիվ: Այդ մասին հաղորդում է Houston Chronicle-ը:

 

Associated Press-ի փոխանցմամբ՝ օրենսդիրների խումբը նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել, որ 2013 թվականի ճանապարհորդությունն Ադրբեջան ֆինանսավորվել է ադրբեջանական կառավարության կողմից:

 

Կոնգրեսի առնվազն 7 անդամ կամ նրանց օգնականները հայտարարել են, որ օրենսդիրները հավանություն են ստացել 2013 թվականի մայիսի ուղևորության համար Էթիկայի հանձնաժողովից: Հյուսթոնում հիմնված շահույթ չհետապնդող կազմակերպությունները հայտնել են հանձնաժողովին, որ իրենք են հովանավորում Բաքվում կայանալիք գիտաժողովը:

 

Ավելի վաղ The Washington Post ամերիկյան պարբերականը, վկայակոչելով խմբագրությունում հայտնված էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցը, հայտնել է, որ Ադրբեջանի  պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 և անձնակազմի 32  անդամի   ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու` այնտեղ 2013-ին անցկացված Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու նպատակով:

 

Ինչպես նշվում է զեկույցում` օրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները  հարյուր հազարավոր դոլարներ են ստացել  գործուղման ծախսերի համար, ինչպես նաև՝ մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր` 2.500-10.000 դոլար արժողությամբ: Նշվում է, որ կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112.899 դոլար: