Հայաստանյան բանկից 65 մլն դրամ են հափշտակել՝ անորակ ոսկու գրավադրմամբ

17:26 • 15.05.15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց  հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի  վարկավորման նվազագույն չափանիշներին ՝ 583 հարգին չհամապատասխանող  տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:

 

Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս   ամիսներին  բանկից որպես վարկ ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.300.000 ՀՀ դրամ:
 

Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝  2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու  ուղղությամբ: