Իսրայելում դասախոսը դասն անցկացրել է՝ պահելով ուսանողի երեխային (լուսանկարներ)
Երուսաղեմի հրեական համալսարանի 45-ամյա դասախոս Սիդնի Էնգելբերգի լուսանկարը, որտեղ նա դաս է անցկացնում երեխան գրկում, մեծ տարածում է գտել համացանցում, գրում է The Independent-ը:
Լուսանկարը Facebook-ում է տեղադրել Էնգելբերգի դուստրը՝ Սարիթ Ֆիշբենը, ով նշել է, որ իր հայրն «աշխարհի ամենալավ հայրիկն է»:
«Ուսանողների մեջ շատ երիտասարդ մայրեր կան, և նա միշտ խրախուսում է նրանց երեխաներին իրենց հետ բերել լսարան»,- գրել է նա:
Դասախոսն ինքը չորս երեխա ունի և հինգ թոռ:
Երբ սոցիալական հոգեբանության դասի ժամանակ երեխաներից մեկը սկսել է լացել, նա վերցրել է երեխային և հանգստացրել նրան, իսկ այնուհետ շարունակել դասախոսությունը:
Դասախոսի կինը պատմել է, որ տղամարդը բազմաթիվ նամակներ է ստացել պատմության՝ համացանցում հայտնվելուց հետո:













