Նաիրիտցիների մեկ օրը կառավարության շենքի դիմաց (լուսանկարներ, տեսանյութ)
Նաիրիտցիները, որ երեկվանից կառավարության շենքի դիմաց նստացույց են անում, տասը րոպեն մեկ վանկարկում են`«աշ-խա-տա-վարձ»:
Կառավարության վարչական շենք մտնող տարբեր պաշտոնյաներին տեսնելուն պես վանկարկումներն ու սուլոցներն ավելանում են:
Նստացույցի պայմանները տանելի դարձնելու համար նաիրիտցիներն իրենց հետ բերել են որոշ կենցաղային իրեր. գորգեր` ավելի հարմար նստելու համար, փոքրիկ գազի բալոն`սուրճ եփելու համար, հովանոցներ` անձրևից ու արևից պաշտպանվելու համար:
«Այսօր «Նաիրիտ» գործարանի ինչպես ասում են` «Վերջին զանգն» էր Հանրապետության հրապարակում»,- հեգնեց գործարանի կին աշխատակիցներից մեկը:
Գործարանի աշխատակիցներից մեկն էլ, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե կառավարության կողմից իրենց պահանջները ևս մեկ անգամ լսելու ցանկություն, կամ աշխատավարձի պարտքը մարելու խոստումներ եղել են, նկատեց. «Չէ, մեզ շարունակում են արհամարհել»:















