Google-ի ինքնավար մեքենաները ամերիկյան փողոցներում կհայտնվեն ամռանը
Google ընկերությունը հայտարարել է, որ այս ամառվանից սկսած՝ Google-ի մեքենաները փորձարկման հրապարակից դուրս կբերվեն իրական ճանապարհային երթևեկության:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` TechCruch-ին հղումով, հատուկ այդ միջոցառման համար ընկերությունը նաև ցուցադրական տեսանյութ է պատրաստել, որը հրապարակվել է Google Self-Driving Car Project-ի յութուբյան ալիքով:
Սկզբնական շրջանում մեքենաները կերթևեկեն բացառապես Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքի փողոցներով` ընկերության գրասենյակի մոտակայքում:
Ինչպես նշում են ծրագրավորողները` փորձարկումների ժամանակ համակարգն արդեն միջին վիճակագրական ամերիկացու վարման 75 տարվա փորձ է կուտակել և պատրաստ է նոր փորձարկումների:
Մեքենաներն անվտանգության նկատառումներով դեռևս չեն կարող 40 կմ/ժամ-ից ավելի արագություն զարգացնել: Առաջին փորձարարական մեքենաները համալրված կլինեն շարժական ղեկանիվով և ոտնակներով և կաշխատեն ավտոպիլոտ համակարգով` սակայն ներսում գտնվող վարորդի վերահսկողությամբ:










