Արկադի Տեր-­Թադևոսյանը Շուշիի ազատագրման պլանը հանձնեց «Մայր Հայաստան» թանգարանին

15:53 • 16.05.15

Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» խորագրով պլանի մարտավարական քարտեզը հանձնվեց Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին:



Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը` այն թանգարանին հանձնեց Շուշիի ազատագրման գործողությունների ղեկավար, գեներալ-­մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր­-Թադևոսյանը (Կոմանդոս):



Լրագրողների հետ զրույցում Արկադի Տեր-­Թադևոսյանը նշեց, որ պլանի վրա աշխատել է իր հարյուրավոր մարտական ընկերների հետ: Նրա խոսքով` պլանը կմնա պատմության մեջ, քանի որ այն գալիք սերունդներին մանրամասն կներկայացնի «Հարսանիք լեռներում» օպերացիայի պատմությունը:



Հիշելով օպերացիան` Արկադի Տեր-­Թադևոսյանը պատմեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ հայկական կողմը չուներ անհրաժեշտ որակի ու քանակի զենք­-զինամթերք: «Ես տղաներին ասել էի,
որ դժվար է լինելու, սակայն, չնայած դրան, բոլորը նպատակադրված էին Շուշիի ազատագրմանը:


Դիմեցինք ռազմական խորամանկության: Թշնամին կարծեց, թե մենք ազատագրելու ենք Քյոսալարը, քանի որ մի խումբ ուղարկել էինք հենց այդ ուղղությամբ: Նրանք էլ գիտեին, որ մենք այդքան զինամթերք չունենք ու դժվար կլինի մեր հարձակումը:
 

Օպերացիան արագ` կայծակնային եղավ: Մեր զորքը պատրաստ էր, մեր հրամանատարները լավ գիտեին թշնամու դիրքերը ու որ կողմից կարող են շրջապատել նրան: Այդպես էլ մենք հասանք մեր նպատակին ու Շուշին ազատագրվեց»,-­ պատմեց Կոմանդոսը: 



Արկադի Տեր­-Թադևոսյանի համոզմամբ` Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես ու բարոյապես փշրվեց, միաժամանակ, դրվեց հայկական կանոնավոր բանակի հիմքը: