New GP-ի երիտասարդ թիմը օգնություն է փոխանցել Բաղանիս և Բարեկամավան համայնքների բնակչությանը

20:39 • 16.05.15

ՌԴ-ում գործող New GP-ի երիտասարդ թիմը, որը շուրջ մեկ ամիս առաջ բարեգործական հիմունքներով հայտնի արտիստների մասնակցությամբ համերգ էր կազմակերպել՝ ի օգնություն Հայաստանի սահմանամերձ շրջանների, արդեն այցելել և օգնություն է տրամադրել  ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս և Բարեկամավան համայնքների բնակչությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «New GP»  փրոդաքշնի ղեկավար Նաիրա Նիազյան։

 

Այսպիսով՝ յուրաքանչյուր համայնքին տրամադրված 650 հազարական դրամով իրականացվել է  Բաղանիսի լույսերի ու Բարեկամավանի ճանապարհահատվածի գրունտապատման աշխատանքները։
«Երկու համայնքներում էլ բարերարների կողմից տրամադրված գումարները ո'չ միայն բավականացրել են իրագործել համայնքապետերի կողմից ներկայացրած ծրագրերը, այլև՝ դրանք գերակատարել։ Բաղանիսում լուսարձակները անհրաժեշտից ավել են գնվել և տեղադրվել»,-ասաց Նաիրա Նիազյանը և նշեց, որ ծրագիրն իրագործելուն աջակցել են ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, լուսանկարչուհի Տաթևիկ Մնացականյանը, օպերատորներ Գևորգ Առաքելյանը, Ժորա Մալխասյանը։

 


«Ռուսաստանաբնակ երիտասարդների մեծ թիմ է, որն ավարտին հասցրեց իր առջև դրված հայրենանվեր ծրագիրը: Իսկապես, հայրենիքը սկիզբ է առնում մեր սրտերից՝աշխարհի բոլոր ծագերում։ Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանը պետք է լինի անառիկ»,-ասաց նա։