ՕՊԵԿ-ը պլանավորում է վերականգնել նախկին՝ մեկ բարելի դիմաց 100 դոլար սակագինը. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրն աշխատում է միջազգային շուկայում նավթի բարձր սակագները ապահովող համաձայնագրի նախագծի վրա, որը, հավանաբար, ՕՊԵԿ-ի անդամ երկրների և այլ նավթահանող երկրների կողմից կստորագրվի այս տարվա հունիսին, գրում է ria.ru-ն։
Այդ մասին Մադուրոն հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո։
Նա նաև հայտնել է, որ խոսքը գնում է ՕՊԵԿ-ի և մի շարք այլ խոշոր նավթարտադրող երկրների հետ համատեղ ծրագրի մասին, որով այս տարվա երկրորդ կեսին համատեղ ջանքերով կփորձեն կայունացնել նավթի շուկայական գները։
Լատինամերիկյան հանրապետության նախագահի կարծիքով՝ այսօրվա մարտահրավերն է «կարողանալ միջնաժամկետ հեռանկարում կայունացնել նավթի գինը 100 դոլարի սահմանում»։
ՕՊԵԿ-ը նավթ արտահանող երկրների կազմակերպություն է (The Organization of the Petroleum Exporting Countries). որի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։










