Կարճաղբյուրցիները հավանություն տվեցին Սևանա լճում ձկնաբուծական նոր տնտեսության հիմնմանը
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կայացավ հանրային քննարկում՝ նվիրված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»ի կողմից ներկայացված փորձնական մոդելային ցանցավանդակային տնտեսության ծրագրի նախնական
գնահատմանը:
Այն նախաձեռնել էին ծրագիրն իրականացնող կողմերը՝ «Սևանի իշխան» ԲԲԸ-ն և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը, հանրային քննարկմանը մասնակցում էին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»ի տնօրեն Ա. Աղաջանյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանը, Կարճաղբյուր համայնքի բնակիչներ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»ի տնօրեն Ա. Աղաջանյանի, «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Գևորգյանի, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Հ. Մկրտչյանի հավաստիացումների համաձայն՝ Սևանա լճում ցանցավանդակային տնտեսության ստեղծումը հիմնվում է բացառապես միջազգային փորձի և ստանդարտների վրա, էականորեն բացասական ազդեցություն չի թողնելու Սևանի էկոհամակարգի վրա, գործընթացները լինելու են վերահսկելի և կառավարելի:
Ցանցավանդակային եղանակով բուծվելու են միայն իշխան ձկան «գեղարքունի» և «ամառային բախտակ» տեսակները: Ցանցավանդակներն ունենալու են 25 մետր տրամագիծ և մինչև14 մետր խորություն: Ապրանքային ձկան տարեկան արտադրությունը կհասնի մինչև 600 տոննայի: Մայրական վտառն այժմ ձևավորվում է Շորժայի փորձարարական ցանցավանդակային տնտեսությունում:
2016 թվականին «Սևանի իշխան» ԲԲԸ կողմից Սևանա լիճ բաց կթողնվի մանրաձկան առաջին խմբաքանակը: «Սևանի իշխան» ԲԲԸ տնօրենը պարզաբանեց նաև, որ Կարճաղբյուրում կառուցվող ձկնաբուծարանում, ուր պահպանվելու է իշխանի մայրական կազմը և աճեցվելու է մանրաձուկը, ինչպես նաև արդյունագործական նշանակության ձկան վերամշակման գործարարնում բացվելու է մինչև 300 աշխատատեղ: Բացի այդ, ընկերությունը համայնքում պարտավորվում է իրականացնել սոցիալտնտեսական և կենսական կարևորության մի շարք ծրագրեր:
Պարզաբանումների արդյունքում՝ քննարկմանը մասնակից Կարճաղբյուր համայնքի բնակիչները հավանություն տվեցին «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման» ծրագրին:










