Անցկացվեց «Ալյանս» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր համագումարը
ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: Դահլիճը լեփ-լեցուն էր, մասնակիցների հիմնական մասը` երիտասարդներ:
Ընդդիմադիր նորաստեղծ կուսակցությանը շնորհավորելու էին եկել նաև այլ կուսակցություններից ներկայացուցիչներ՝ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Բաբուխանյանը: ԲՀԿ կուսակցության նախկին քարտուղար Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած նոր կուսակցությանը շնորհավորելու էր եկել գործընկեր պատգամավոր, ԲՀԿ արդեն նոր քարտուղար Վահան Բաբայանը:
Համագումարին ներկա էին նաև ինչպես շարքային, այնպես էլ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնց թվում էին Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը:
Համագումարի մեկնարկին նիստը վարողը հայտարարեց, թե իրենց չտրամադրեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճը, և այդ պատճառով երիտասարդներից շատերը ոտքի վրա են մնացել:
Կուսակցության նախաձեռնող անդամ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ ուրախ է, որ այսքան մարդ կա, ովքեր համակերպվող մարդկանց թվում չեն և դեռևս ցանկություն ունեն Հայաստանի իրավիճակի վրա ազդել:
«Բազմաթիվ հարցեր ունենք օդում առկախված, և փորձելու ենք տալ այդ հարցերի պատասխանները»,-ասաց նա:
Ուրիխանյանը նշեց, թե թվում էր բազմաթիվ քաղաքական կուսակցության պայմաններում նոր քաղաքական ուժի ստեղծումը նպատահարմար չէ, սակայն նշեց մի քանի պայման, որից ելնելով՝ դրա կարիքն ավելի քան պետք էր:
Պատճառներից մեկը, ըստ նրա, այն էր, ինչ տեղի ունեցավ փետրվարին ԲՀԿ կուսակցության հետ: «Ցավոք, ընդդիմադիր ոչ իշխանական քաղաքական ուժերի միավորումը տապալվեց: Հիմա հարց. հաշվի առնելով հանգամանքները՝ արդյո՞ք չկա անհրաժեշտություն ուժեղացնելու ընդդիմադիր քաղաքական դաշտը: Ի՞նչ է, այլևս չկա՞ 40% աղքատություն, սարսափելի գործազրկություն, տնտեսական անկման տեմպերը դադարե՞լ են, մարդիկ զանգվածայնորեն այլևս չե՞ն լքում երկիրը»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց այս հանգամանքներն էլ դրդեցին ՀՀ քաղաքական իրականության մեջ նոր կուսակցություն բացելուն:
«Երկրի բարեկեցությունը, բարգավաճումն ուղղակիորեն կապված են սեփական ընտանիքի հոգևոր ու ֆիզիկական ապահովության հետ»,-ասաց նա և նկատեց, թե իր հռետորաբանության մեջ որևէ բան չի փոխվել:
Ուրիխանյանը նշեց, թե ԲՀԿ-ի բոլոր գաղափարների ջահակիրը եղել է մինչև վերջ, և ինքը շնորհակալ է ԲՀԿ խմբակցության անդամներին, որոնց հետ շարունակում է ականջալուր լինել ՀՀ քաղաքացիների դարդին ու ցավին:










