Հայաստանում է հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պետչ Ադամսը

13:26 • 18.05.15

 

Մայիսի 18-ին Հայաստան է ժամանել հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր բժիշկ և ծաղրածու, Հանթեր Դոհերթի Ադամսը, ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով:
 

Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար և բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է IDeA հիմնադրամի կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ:

 

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:
Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

 

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական-էկոլոգիական հաստատություն և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

 

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում:

 

Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:

 

Ադամսը համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:
 

Հայաստանում մեկշաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան կուղեկցեն նաև ռուսաստանյան «Дети Марии» գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երևանում, Գյումրիում,Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով:
 

Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: