Վատ նորություններով բնակչությանը դեպրեսիայի մեջ են պահում. բժիշկ-ծաղրածու Պետչ Ադամս

16:49 • 18.05.15

Ուրախությունը բիզնեսին ձեռք չի տալիս. այս կարծիքին է հանրահայտ բժիշկ-ծաղրածու Պետչ Ադամսը, որ Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ ու մանկական հիվանդանոցներ:


«Ես մտավորական եմ, գրադարանս 40 հազար գիրք է կազմում: Ես գիրքն առնում եմ կյանքս փոխելու նպատակով: Տարիներով հեռուստացույց չեմ նայում: Հեռուստացույցի պատճառով իմ երկրում(ԱՄՆ) հիմար մարդիկ են ապրում: Այսօր սովորական է դարձել ամբողջ աշխարհում բողոքելը: Վատ նորություններ հաղորդելով՝ բնակչությանը պահում են դեպրեսիայի մեջ: Ուրախությունը բիզնեսին ձեռք չի տալիս»,-հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Պետչ Ադամսը՝ շարունակելով. «Իմ տեսած որևէ գրականության մեջ գրված չէ, թե ինչպես ենք մենք, որպես մարդկություն, գոյատևելու մինչև այս դարի վերջը: Ես, օրինակ, աշխատելու եմ սիրել»:


18 տարեկանում Պետչ Ադամսը որոշել է, որ այլևս դժվար կամ ծանր օր չի ունենալու:


«Երկու շաբաթից կլինեմ 70 տարեկան, և 52 տարի է՝ վատ օր չեմ ունեցել: Ես նետվել եմ շնորհակալության և երախտագիտության օվկիանոսը և դեռս դուրս չեմ եկել»,-ասաց նա:


Անդրադառնալով իր կերպարը մարմնավորած օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսին և 1998 թվականին նկարահանված «Պետչ Ադամս» ֆիլմին, բժիշկն ասաց, թե 14 տարի է անցել ֆիլմից, բայց ինքն այն չի դիտել:

«Հիասթափված էի սկզբում, խայտառակություն էր, քանի որ մի ֆիլմ իմ մասին, որում չէր նշվում խաղաղությունն ու արդարադատությունը, բացառապես իմ մասին չէր: 10 օր ապրել եմ Ռոբին Ուիլյամսի հետ: Եկել էր տեսնելու իմ կատարումները: Երկար ժամանակ անցկացրել եմ նրա շարժական վագոնում: Նա չափազանց ինտրովերտ էր, իսկ ես՝ չափազանց էքստրավերտ»,-ասաց Պետչ Ադամսը:
 

Վերջինիս խոսքով՝ այսօր մոլորակի վրա սիրո և խնամքի սով կա, որ նման պրիմիտիվ ֆիլմն այսքան մեծ ազդեցություն է կարողացել գործել: