Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

15:46 • 18.05.15

Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:


Մայիսի 18-ին Նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արևելյան մասում գտնվող Դրոմի շրջան և շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ:


Քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի և Արցախի, Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև:


Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում և հանձնվել համապատասխան վկայագիր:


Նախագահ Սահակյանը կարևորել է Դրոմի շրջանի և նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա:


Հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: