Jay Z-ն և Բեյոնսեն մեծ գումար են ծախսել՝ Բալտիմորի և Ֆերգյուսոնի ցուցարարներին գրավի դիմաց բանտից ազատելու համար
Հանրահայտ ամուսիններ Jay Z-ն և Բեյոնսեն տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսել՝ ամերիկյան Բալտիմոր և Ֆերգյուսոն քաղաքների ցուցարարներին գրավի դիմաց բանտից հանելու համար: Այդ մասին հայտնել է Jay Z-ին մոտ գրող և ակտիվիստ Դրիմ Հեմփթոնը Twitter-ում, գրում է Тhe Daily Mail-ը: Նա այնուհետ ջնջել է Twitter-ի հաղորդագրությունները, բայց դրանք հասցրել է ֆիքսել Complex կայքը և կրկին հրապարակել է:
«Ես պատրաստվում եմ «թվիթ» անել, և թող Ջեյը զայրանա: Երբ մենք Բալտիմորի ցուցարարներին գրավի դիմաց ազատելու համար գումարի կարիք ունեինք, ես, ինչպես արել էի Ֆերգյուսոնի դեպքում, խնդրանքով դիմեցի Ջեյին, և նա տասնյակ հազարավոր դոլարներ փոխանցեց րոպեների ընթացքում»,- գրել է Հեմփթոնը: Նա ավելի ուշ գրել է, որ ջնջում է հաղորդագրությունները, որովհետև Jay Z-ին դուր չի գա, երբ դա տեսնի: Այնուամենայնիվ, Հեմփթոնը ԶԼՄ-ների հետ զրույցում շարունակել է պաշտպանել աստղերին և նշել է, որ իր գրած տեղեկությունները ճիշտ են եղել:
«Ես կարող եմ ասել, որ ես անձամբ եմ օգնել փոխանցել նվիրատվությունները, որոնք նրանք արել են ցուցարարներին և որ նրանք դրա դիմաց երբեք ոչինչ չեն խնդրել, հատկապես՝ հրապարակայնություն»,- ասել է նա:
Նշվում է, որ Հեմփթոնը հավանաբար ցանկանում է պաշտպանել Jay Z-ին և Բեյոնսեին, ովքեր մեղադրանքներ են ստանում ակտիվիստներից՝ ցույցերի վերաբերյալ լուռ մնալու համար:










