ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հյուրընկալումը ՀՀ ԱԺ-ում չափազանց կարևոր է. Արփինե Հովհաննիսյան

19:48 • 18.05.15

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մայիսի 19-20-ը Հայաստանի Ազգային ժողովում անցկացվելիք՝ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է Հայստանի համար, քանի որ հյուրընկալվելու է ամենակարևոր հանձնաժողովներից մեկը:

 

«Նիստը անկացվելու է Երևանում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավերով: ԵԽԽՎ-ն ունի նման պրակտիկա՝ տարեկան ընդամենը մեկ անգամ նիստը անցկացնել որևէ երկրում, բայց դա կարող է լինել 3-4 տարին մեկ անգամ»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչու ԵԽԽՎ  հայաստանյան պատվիրակությունը հրավիրեց հենց 2015թ-ին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որևէ հատուկ պայմանավորվածություն չկա:

 

Ինչ վերաբերում է նիստին, ապա Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ բացման խոսքով հանդես կգա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

«Նիստում ելույթներով հանդես կգան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, ինչպես նաև՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբանը: Չափազանց կարևորում եմ այնպիսի թեմայի առկայությունը, ինչպիսին է «Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը  և վերջին զարգացումները»,-ասաց նա: