Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը ԱԺ-ում վիճաբանության առիթ դարձավ
ԱԺ քառօրյան այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Ընդդիմադիր խմբակցությունները միաբերան բարձրացրեցին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձացման հարցը, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համարում էր օրակարգին չվերաբերող հարց և պահանջում անջատել պատգամավորների խոսափողը:
Նախ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց հրատապ կարգով խորհրդարանական լսումներ անցկացնել և քննարկել, թե հայտը ինչքանով է հիմնավոր։
«ԲՀԿ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ և մենք առաջարկում ենք օր առաջ հրատապ կարգով հրավիրել խորհրդարանական լսումներ, հրավիրել էներգետիկայի նախարարին և հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, որոնք, ըստ իրենց տեղեկությունների, շարունակում են աշխատել վնասով, բայց մազոխիստաբար չեն հրաժարվում իրենց աշխատանքից: Մենք հորդորում ենք սա դարձնել ԱԺ նախաձեռնություն, բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել և փորձենք հասկանալ, թե ինչ հաշվարկի վրա են կազմակերպություններն ասում, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է»,-ասաց նա:
ԱԺ նախագահն արձագանքեց, թե հայտը նոր է ՀԾԿՀ–ն ստացել և երբ պատրաստ կլինեն բոլոր նյութերը՝ ԱԺ-ում լսումները կկայանան և որին մասնակից կլինեն բոլոր նրանք, ովքեր պատասխանատու կլինեն խնդրի լուծման համար:
Հարցին անդրադարձավ նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե խնդրին ԱԺ-ն չպետք է պոստ ֆակտում արձագանքի, այլ նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկում պետք է իրականացնեն, թե ինչպես են էներգետիկ ցանցերը 200 մլն-ի պարտք կուտակել:
Պատգամավորը նկատեց, թե պարզվում է, որ սպառողները պետք է վճարեն իրենց մերսեդեսների համար և անտրամաբանական գնով վարձակալած տարածքների համար:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այս հարցի համար պետք է բանակների բաժանվել և ասել՝ «այո» կամ «ոչ»: «Իրոք եթե բարձրանում է, բոլորիս գործն է առաջակել: Ինչ վերաբերում է նրան, որ այսօրվանից քննարկում անենք, հիմք չկա, երբ լիազոր մարմինը պատրաստ կլինի, կանենք: Իմ տեղեկություններով ... այս երկու օրը որոշակի տեղեկություններ ունենք, կհրավիրենք լսումներ»,-ասաց նա:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցը նույնպես հոսանքի սակագնի թանկացմանն էր վերաբերում։ Պատգամավորը նշեց, թե սա թիվ մեկ հարցն է, որը հուզում է քաղաքացիներն և պետք է գտնել կոնկրետ պատասխանատուներին:
ԱԺ նախագահն ընդհատեց կրկին կարգադրեց անջատել խոսափողը։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ տեղեկացրեց, որ գործընկեր պատգամավորների հետ այս հարցով ստորագրահավաք են կազմակերպել, որ հարցը մտնի օրակարգ արտահերթ կերպով, սակայն հավելեց, թե ինչքան տեղյակ է, բավարար քանակ չի ապահովվել:
Գալուստ Սահակյանը կրկին ընդհատեց՝ ասելով, որ հավաքեն անհրաժեշտ քանակը և նոր միայն հարցը բարձրացնեն: «Անջատեք խոսափողը»,- պահանջեց ԱԺ նախագահը:
Երբ նույն հարցը որպես օրակարգային անհրաժեշտություն բարձրացրեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, և Գալուստ Սահակյանը կրկին պահանջեց անջատել խոսափողը, պատգամավորի նյարդերը տեղի տվեցին, և նա բորբոքված բղավում էր, ինչը լսելի չէր արդեն:
Գալուստ Սահակյանը պահանջեց հանգստանալ: «Հանգստացե՛ք, նստե՛ք Ձեր տեղը, մի՛ թողեք համապատասխան հոդված կիրառեմ»,- ասաց նա:
«Ձեր գործողություններով չլարեք մթնոլորտը: Մենք ասում ենք այս օրակարգում հարցը ընդգրկեք»,-ասաց Լևոն զուրաբյանը:
«Ստորագրությունները չկան, անջատեք խոսափողը»,-կրկին հանձնարարեց ԱԺ նախագահը, որից հետո դահլիճում աղմուկ սկսվեց: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե մտքերի փոխանակությունն ավարտվեց:
Սակայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քսան րոպե ընդմիջում պահանջեց՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում դահլիճում:










