Թեժ վիճաբանություն ԱԺ-ում՝ Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի միջև

13:27 • 18.05.15

ԱԺ-ում այսօր 20 րոպեանոց ընդմիջումից հետո իսկական խառնաշփոթ սկսվեց:  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի միջև նիստերի դահլիճից դուրս սկսված վիճաբանությունը վերածվեց կռվի:

 

Սեյրան Սարոյանին համբերությունից հանել էր Զարուհի Փոստանջյանի կողմից պատգմավորներին բաժանվող ինչ-որ թղթեր, որը նախաձեռնություն էր՝ ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: 
 

Գեներալ պատգամավորը Փոստանջյանի առաջարկին արձագանքեց վիրավորանքներով. «Էս ինչ ձևի կենդանի ա սա, հլը սրան նայեք, դու ոչ մի բանի հետ գործ չունես»:
 

Նա այլ վիրավորական խոսքեր ևս հղեց կին պատգամավորին և տպավորություն էր, թե հիմա վեճը կվերածվի ձեռնամարտի. միջամտեցին այլ պատգամավորներ՝ հեռացնելով Զարուհի Փոստանջյանին:
 

«Ես հիմա ոստիկանություն կդիմեմ»,-գոռում էր Զարուհի Փոստանջյանը:
 

ՀՀԿ-ական պատգամավորին չէր կարողանում հանգստացնել անգամ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, և Սարոյանը շարունակում էր գոռալ:
 

Նախագահող Հերմինե Նաղդալյանը խնդրում էր Սեյրան Սարոյանին տեղից չխոսել, սակայն Սարոյանի ձայնը դեռ լսելի էր, ում դժվարությամբ դուրս հանեցին նիստերի դահլիճից: