Հայաստանի ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ

18:11 • 18.05.15

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

 

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:


ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ, և խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը: Նա կարևորել է խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:


Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը և Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:


Ասուլիսին ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և ելույթով հանդես գալու համար:
Նա Զոյի Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ: ԱԺ փոխնախագահը Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձևավորել նաև Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների ևս:


Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդդեմ պատերազմի, բարբարոսության և ցեղասպանության:


Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի և դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:


Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին և մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է: