ՀԱՀ-ում կինը կրակ է բացել իր տուն ներխուժած 3 գողերի վրա՝ մինչ իր ընկերը քնած է եղել (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կինը վերցրել է իր ատրճանակը և դիմադրել իր տուն ներխուժած երեք զինված գողերին՝ նրանց ստիպելով փախուստի դիմել: Այս ամբողջ ընթացքում նրա ընկերը քնած է եղել, գրում է The Daily Mail-ը: YouTube-ում տեղադրված անվտանգության տեսահսկման համակարգերից ստացված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են գողերը զույգի տուն մտել վաղ առավոտյան:
39-ամյա Դրիքի Քրուքամփն արթնացել է աղմուկից և մտածել է, որ իր ընկերը՝ Քրեյվեն Քոեցեն, կերակուր է պատրաստում խոհանոցում:
Բայց երբ նա կրկին ձայն է լսել, որոշել է պարզել, թե որտեղից է այն գալիս: Նա վերցրել է իր զենքը և դուրս եկել միջանցք, որտեղ տեսել է աստիճաններով բարձրացող տղամարդու:
Դրիքին պատմել է, որ բղավել է՝ «կանգնի՛ր», ինչից հետո գողը փորձել է դանակով հարձակվել իր վրա: Մինչ Քրուփամփը կհասցներ երկրորդ անգամ կրակել, բոլոր երեք տղամարդիկ դուրս են նետվել պատուհանից, որով ավելի վաղ մտել էին տուն:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդիկ գողացել են Քրուքամփի դրամապանակը՝ այնտեղ եղած գումարով և բանկի քարտերով: Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել: Ոստիկանությունը հետաքննում է կողոպուտի և սպանության փորձի գործը:


















