ԵՊՀ-ում հունիսի 19-ին ռեկտորի ընտրություններ են. հայտ ներկայացրած միակ թեկնածուն Արամ Սիմոնյանն է
Երևանի պետական համալսարանում հունիսի 19-ին ռեկտորի ընտրություններ են: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 9-ն է:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ, որքան ինքն է տեղյակ, բացի իրենից՝ այլ հայտ ներկայացնողներ չկան:
«Չեմ կարող ասել, թե ինչով է դա բացատրվում: Ես պատասխանատու եմ ինձ համար: Իմ գործերը տվել եմ, թե մնացածն ինչ կասեն, ինչ կանեն, դա ինձ չի վերաբերում»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Հարցին, թե իրավական կարգավիճակի փոփոխությունը՝ բուհը պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՊՈԱԿ) դարձել է հիմնադրամ, կառավարման մեջ ինչ-որ փոփոխություններ առաջացե՞լ են, ռեկտորը պատասխանեց. «Դեռ շուտ է ասել, որովհետև փաստաթղթերի ձևակերպումը նոր ենք ավարտել: Իհա՛րկե, փոփոխություններ կլինեն, այդ փոփոխությունները նախատեսված են նաև հիմնադրամների մասին օրենքով:Կազմակերպական փոփոխություններ արդեն կան, իսկ մնացած խնդիրներն ընթացքի մեջ են»:
Ընտրվելու դեպքում էլ Արամ Սիմոնյանը և՛ շարունակելու է իր գործը, և՛ նոր նախագծեր ու ծրագրեր ունի:
«Մենք ունենք բուհի զարգացման նոր հայեցակարգ, ռազմավարական նոր ծրագիր, որը քննարկման գործընթացի մեջ է, և սեպտեմբերից արդեն կշարժվենք՝ համաձայն այդ ծրագրի»,-ասաց Արամ Սիմոնյանը:










