Բոլոնյան կրթական համակարգի դրական ու բացական կողմերը ուսանողի հայացքով

14:53 • 18.05.15

 

Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Հարություն Ծատրյանը, ով նաև սովորում է ԵՊՀ-ում մագիստրատուրայի երկրորդ կուրսում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց բոլոնյան կրթական համակարգի դրական ու բացասական կողմերից:

 

Նա ընդգծեց, որ բոլոնյան համակարգում սովորող ուսանողները բուհ ընդունվելուց հետո ստանում են ուղեցույց, թե ինչպես կարող են կառավարել իրենց ողջ ուսուցումը, ինքնուրույն որոշել, թե որ առարկան երբ սերտել, սակայն միշտ չէ, որ ուսանողները կարողանում են օգտվել իրենց այս իրավունքից:
 

«Ըստ Բոլոնյան համակարգի ես կարող եմ իմ բուհը փոխել համապատասխան չափով կրեդիտներ ունենալու դեպքում: Բայց երբ փորձում ես հետաքրքրվել, թե կարող ես տեղափոխվել ու սովորել արտասահմանյան բուհում, պարզվում է՝ ոչ: Ինքս փորձել եմ ու չի ստացվել, քանի որ ստացած կրեդիտների հետ խնդիր է առաջանում: Գերմանիայի որոշ բուհերում կարող ես փոխել, բայց դրանք հեղինակավոր չեն»,- ասաց նա:

 

Հարություն Ծատրյանը նաև նշեց, որ ուսանողներին տրվող ուղեցույցում ոչ բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել կամ ավելին՝ հասկանալ, թե ինչ է ասվում, սակայն պարզ չէ, թե ում կարելի է դիմել, որպեսզի բացատրի ուղեցույցում գրվածները:

 

Ուսանողը նշեց, որ ամենադրականը Բոլոնյան կրթական համակարգի շրջանակում ՀՀ բուհերում ներդրված կրեդիտային համակարգն է, որը պարտադրում է, որ ուսանողը կիսամյակի ընթացքում երկու ընթացիկ քննություն հանձնի: