Մեր ամենահավատարիմ դաշնակիցը Ռուսաստանն է. «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ

13:54 • 19.05.15

Մեր ամենահավատարիմ դաշնակիցը Ռուսաստանն է  և ռուս ժողովուրդը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ, հասարակական - քաղաքական գործիչ Իշխան Թովմասյանը: Նա նշեց, որ  դեռևս  95 թվականից այն համոզմունքին է, որ  նորացված միության ստեղծման մեջ է մեր երեխաների ապագայի հարցը՝ անվտանգությունը:


«Մեր միակ արտաքին  արդարացված, ճիշտ ուղին Ռուսաստանն է, իսկ ԵՏՄ ստեղծումը անհրաժեշտություն է»,- ասաց նա և նշեց, որ ավելին՝ նրանք նույնիսկ Սովետական Միության ստեղծման անհրաժեշտություն են տեսնում:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի հարաբերություններին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Իշխան Թովմասյանն ասաց.«Ռուսաստանն ում հետ ուզում է  բարիդրացիական հարաբերություններ սկսի, համոզած եղեք, որ ռուս ժողովրդի համար առաջնայինը հայ ժողովուրդն է, ինչի ապացույցները շատ են եղել»:


Անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը, նա ասաց, որ իրենք պահանջելու են ներկայացնել թանկացման հիմքերը և զարմանալի համարեց, որ էլեկտրաէներգիա արտադրող պետությունը քառակի անգամ թանկ է վաճառում այն իր երկրում:


Բացի այդ, նա նշեց, որ իրենք լուրջ նախապատրաստում են սահմանադրական փոփոխությունների գործընթացին,  և խոստացավ, որ դրան ականատես կլինենք: «Սահմանադրությունում կամ սոցիալիստական Հայաստանի լավագույն դրույթները պետք է ամրագրվեն, կամ այդ Սահմանադրությունը  ենթակա է դատապարտման»,- ասաց նա: