Apple-ը հրաժարվել է հեռուստացույց արտադրելու պլաններից

17:20 • 19.05.15

Apple ընկերությունը հրաժարվել է հեռուստացույցներ արտադրելու պլաններից: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

 

Այդ ուղղությամբ ավելի քան 10 տարի առանձին խումբ է աշխատել: Վերջին պլանների մեջ էր 4K լուծաչափով գերբարձր հստակությամբ հեռուստացույցի թողարկումը: Սարքն, ընդ որում, պետք է զինված լիներ տեսազանգերի և օգտատիրոջ շարժումներին հետևելու մի քանի տեսախցիկներով:

 

Պլաններից հրաժարվելու հիմնական պատճառը դարձել է հեռուստացույցների շուկայում չափազանց մեծ մրցակցությունը, որտեղ հիմնական խաղացողը կորեական Samsung ընկերությունն է: Հեռուստացույցների ստեղծման փոխարեն Apple-ը կշարունակի Apple TV սարքի առաջխաղացումը, որի նոր տարբերակը, լուրերի համաձայն, կներկայացվի հունիսին Սան Ֆրանցիսկոյում WWDC-2015 գիտաժողովին: