Հետխորհրդային 8 երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ՌԴ տնտեսական անկման պատճառով. ԱՄՀ

11:04 • 19.05.15

Ռուսաստանի տնտեսական անկումը և նավթի ցածր գները դանդաղեցրել են Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների աճը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ներկայացնելով տարածաշրջանի համար համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր իր ամենավատ կանխատեսումները, գրում է The Economic Times-ը:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է, որ Սև և Կասպից ծովերից մինչև Սիբիր, Իրան և Չինաստան ձգվող ութ հետխորհրդային երկրներում տնտեսական աճն այս տարի կնվազի միջինը 3,2 տոկոսի՝ 2014 թվականի 5,3 տոկոսից: Կազմակերպությունը կանխատեսել է, որ ՀՆԱ-ի աճը 2016 թվականին կհասնի 4,2 տոկոսի:

 

Կազմակերպության տնտեսագետները տարածաշրջանը բաժանում են ածխաջրածին արտահանողներ Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի և նավթ ու գազ ներկրող Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև:

 

«Գլխավոր առևտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանում տնտեսական անկման և նավթի ցածր գների կրկնակի ցնցումներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում տարածաշրջանի վրա»,- Ղազախստանում զեկույցը ներկայացնելիս ասել է ԱՄՀ-ի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ջուհա Կահկոնենը: Նա հավելել է, որ փոխարժեքի զարգացումները, ինչպես ԱՄՆ դոլարի արժևորումը և ռուբլու արժեզրկումը, է՛լ ավելի են բարդացնում խնդիրը:

 

«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար կանխատեսումներն այսչափ վատ չեն եղել 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր»,- ասել է նա:

 

Ադրբեջանում ՀՆԱ-ի աճն այս տարի կդանդաղի մինչև 0,6 տոկոս՝ 2014 թվականի 2,8 տոկոսից:

 

Կազմակերպությունը կանխատեսել է, որ չորս նավթ ներկրող պետություններում աճն այս տարի  կդանդաղի մինչև 1,5 տոկոս՝ 2014 թվականի 4,6 տոկոսի դիմաց, և Հայաստանում կկրճատվի մինչև 1 տոկոս:

 

Այս երկրները զգալիորեն կախված են արտասահմանում, հիմնականում՝ Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների կողմից տուն ուղարկվող դրամական փոխանցումներից, որոնք զգալիորեն նվազել են: Այս երկրների վրա ազդում են նաև արտահանման նվազած գները։