Ըստ ԿԸՀ-ի՝ համայնքների խոշորացման հանրաքվեն անցել է առանց խախտումների. դիտորդը այլ կարծիքի է
ՀՀ երեք մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին անցկացված համայնքների խոշորացման հարցով հանրաքվեի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել որևէ ահազանգ խախտման մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը։
«Ուսումնասիրվել են նաև տարածքային ընտրական տեղամասերում առկա գրանցամատյանները, և դրանցում ևս խախտման մասին որևէ արձանագրություն չկա»,-ասաց նա։
Նունե Հովհաննիսյանը նշեց, որ 22 համայնքներում ձևավորվել էին 34 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց անդամների հետ ԿԸՀ-ն անցկացրել է վերապատրաստման դասընթացներ։
«ԿԸՀ-ում տեղական հանրաքվեի արդյունքները դիտարկելու համար երեք տեղական ՀԿ-ներ էին հավատարմագրվել, որոնք ծածկել են միայն Տավուշի ու Սյունիքի մարզերը։ Լոռիում դիտորդներ չեն եղել, միայն ԶԼՄ-ի ներկայացուցիչներ»,-ասաց նա։
Մամուլի ասուլիսին ներկա էր «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը, ով նշեց, որ կարողացել են դիտորդական առաքելություն իրականացնել միայն երեք ընտրատեղամասում Հաղարծինում, Դիլիջանում ու Թեղուտում, քանի որ ֆինանսական խնդիրներն ինքնուրույն են լուծել։ Նա նշեց, որ այնուամենայնիվ, իրենք արձանագրել են խախտումներ։
«Նախ մինչև հանրաքվեն կառավարության ներկայացուցիչները պտտվում էին համայնքներում ու քարոզարշավ էին իրականացնում, ինչը օրենքով արգելված է, իսկ ծրագրի դոնոր կազմակերպությունները խոստումներ էին տալիս բնակիչներին՝ կողմ քվեարկելու դեպքում համայնքում իրականացնել այս կամ այն ծրագիրը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է բուն՝ հանրաքվեի անցկացման օրվա խախտումներին, ապա Վահրամ Վարդանյանը նշեց, որ մարդկանց կուտակումներ են նկատել ընտրատեղամասի մուտքի մոտ, ինչը նշանակում է, նրանք ոչ թե եկել են, այլ բերել են։
«Նշեմ նաև, որ պետական իշխանությունները՝ ոստիկանությունը, մարզպետարանների ներկայացուցիչները ակտիվ ներգրավվածություն ունեին ընտրական գործընթացին, ինչը հնարավոր կեղծիքների մտահոգություն է առաջացնում։ Թեղուտում քվեաթերթիկի կորուստ էր գրանցվել, սա էլ հնարավոր կարուսելի երևույթի մասին է խոսում»,-ասաց նա և ընդգծեց, որ հանրաքվեին նկատվել է լրատվամիջոցների ու ՀԿ-ների պասիվություն։










