Գերմանիայի Հալե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու միջոցառում է տեղի ունեցել

13:27 • 19.05.15

«Մշակույթների երկխոսություն» նախաձեռնությամբ Գերմանի Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվել, որոնց վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրին արվեստագետներ Հայկ Մելիքյանը և Տիգրան Կիրակոսյանը:


«ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանից Գերմանիա մեկնեց հայ արվեստագետ, աշխատեց Հալե քաղաքում, նկարները ցուցադրվեց այնտեղ: Սա առաջին միջոցառումն էր: Երկրորդը Հայկ Մելիքյանի համերգն էր, որը տեղի ունեցավ Գերմանիայում»,-ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը՝ շարունակելով, թե Հայաստանի և հայ ժամանակակից արվեստի համար կարևոր են այս միջոցառումները:

 

«Գերմանիան այն երկիրն է, որ մինչ օրս չի արձագանքել Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայաստանի համար մշակույթի միջոցով ևս մեկ անգամ այս փաստին անդրադառնալը լավագույն միջոցն է: Մեր արվեստագետների համար պետք է ստեղծվեն լավագույն միջավայր, որպեսզի իրենք կարողանան իրենց աշխատանքներն անել ու ներկայացնել»,-ասաց Սոնա Հարությունյանը:

 

Երաժիշտ Հայկ Մելիքյանն իր հերթին ասաց, թե կատարում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, այնպես էլ ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներ:
 

««Սպասելով լուսաբացին» խորագիրն է կրել համերգը: Կարևոր էր, որ հայ դասականների հետ մեկտեղ հանդիսատեսին ներկայացվեցին նաև ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները»,-ասաց Հայկ Մելիքյանը:

Նկարիչ Տիգրան Կիրակոսյանն էլ անդրադառնալով իր «Ձայներ անցյալից» լայնածավալ ցուցահանդեսին՝ ասաց, թե երկուսուկես ամսում փորձել է անել ու ներկայացնել այն, ինչը հոգեհարազատ է եղել իրեն:


«Օրեցօր միջավայրի մեջ ընկղմվելը և ավելի ուշադիր զննելը նոր թեմաներ առաջ բերեցին: Ես, իհարկե, էսքիզներ տարել էի: Մինչև վերջ վախենում էի, որ ցուցահանդեսը դիմագիծ չի ունենա: Ցուցահանդեսի էքսպոզիցիայից հետո արդեն այդ դիմագիծը երևաց: Իմ համար, որպես հայ նկարչի, հայրենիքում ստեղծագործելն է, իսկ ցուցադրելն արդեն կարելի է դրսում: Սքանչելի ճարտարապետությունը հիացնում է, բայց չի դրդում նոր ասելիքի: Ինձ համար գերադասելի է Հայաստանի թեկուզ փլվածքը, քան դրսի շքեղ տաճարները»,-ասաց նկարիչը: