«Իսլամական պետությունն» ամրապնդում է դիրքերը Լիբիայում. The Wall Street Journal

11:20 • 19.05.15

Վերջին ամիսների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամրապնդել է դիրքերը Լիբիայում՝ ստանալով Սիրիայի տարածքը վերահսկող ԻՊ-ի ֆինանսական և կենդանի ուժի աջակցությունը:



Այդ մասին ասված է The Wall Street Journal պարբերականում լույս տեսած հոդվածում:

 

«ԻՊ-ն այժմ Լիբիայում օպերատիվ ներկայություն ունի, և նրանք մտադիր են Լիբիան վերածել իրենց աֆրիկյան կենտրոնի»,- պարբերականին ասել է Պենտագոնի աղբյուրը՝ նշելով, որ Լիբիան արդեն ԻՊ-ի գործողությունների տարածքն է:

 

Նրա խոսքով՝ ԻՊ-ի առաջնորդներն օգտագործում են իրենց աճող հեղինակությունն աշխարհի ծայրահեղական խմբավորումների և շարժումների շրջանում՝ իրենց վերահսկողությունը տարածելու համար:

 

Պարբերականը նշում է, որ ԻՊ-ի համար այս նոր ռազմավարական բազան նախատեսված է Հյուսիսային Աֆրիկայի և Միջերկրական ծովի միջոցով Եվրոպայի վրա հարձակման համար:

 

Ամերիկացի զինվորականները դեռ լայն հնարավորություններ չունեն Լիբիայում ԻՊ-ին ճնշելու համար:

 

ԱՄՆ-ն չի ցանկանում ընդլայնել օդային արշավն ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի և Իրաքի տարածքներում, ինչպես նաև՝ Հյուսիսային Աֆրիկայում:

 

«Լիբիայի տարածքում չկան զինված ուժեր, որոնց ԱՄՆ-ն կկարողանար վստահել և համագործակցել՝ հարվածներ հասցնելու հարցում, ինչպես անում է Իրաքում»,-ասված է հոդվածում: