ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է Հյուսիսային Կորեա այցելել

09:40 • 19.05.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածությունը թուլացնելու համար, գրում է Лента-ն։

 

«Ես պատրաստ եմ մեկնել Փհենյան, եթե իմ այցն օգտակար կլինի»,- նշել է Մունը Սեուլում Ասիացի առաջնորդների 6-րդ համաժողովի ժամանակ։ Ընդ որում՝ նա ասել է, որ այցը կկայանա բոլոր հետաքրքրված կողմերի սերտ փոխգործակցության դեպքում, այդ թվում՝ Հարավային Կորեայի։

 

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին 15 տարվա ընդմիջումից հետո Հյուսիսային Կորեան մասնակցել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 69-րդ նիստին, որն անցկացվել է Նյու Յորքում։

 

Բան Կի Մունը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում նրան կրկին կհաջողվի հանդիպել այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ, քանի որ «Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի անդամ է»։