ԼՂՀ-ում այս տարվա 4 ամսվա ընթացքում զբոսաշրջության 20 % աճ է գրանցվել. Սերգեյ Շահվերդյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա 4 ամսվա ընթացքում արդեն արձանագրվել է զբոսաշրջության շուրջ 20% աճ՝ նախորդ տարվա համեմատ:
«Դա պայմանավորվում է նրանով, որ այս տարի նշվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և շատ այցելուներ, ովքեր Հայաստան էին եկել, եկան նաև Ղարաբաղ»,-ասաց Շահվերդյանը:
Անցած տարվա ընթացքում, ըստ Սերգեյ Շահվերդյանի, արձանագրվել է օտարերկրյա զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում, ինչը տարբեր հանգանամանքներով է պայմանավորված, այդ թվում նաև՝ օգոստոսյան պատերազմով:
«Պատճառներից մեկն էլ այն է, որ շատ սփյուռքահայեր ունեն հայկական անձնագրեր և որպես օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն գրանցվում»,-նշեց Շահվերդյանը:
Զբոսաշրջության զարգացման համար այս տարի ևս կշարունակվեն այն ծրագրերը, որոնք իրականացվել են նախորդ տարիների ընթացքում:
«Կմասնակցենք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: Այս տարի նախատեսել ենք նաև եվրոպական լրատվամիջոցների լրագրողների այցելություններ Ղարաբաղ: Սրանք այն աշխատանքներն են, որոնք այսօր կատարվում են»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախում իրականացվող յուրօրինակ փառատոներին՝ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ այս տարի զբոսաշրջության վարչությունը կկազմակերպի երկու փառատոն:
Մեկը հունիսի 27-ին Ամարասի շրջակայքում թթի փառատոնն է, որն առաջին անգամ է կազմակերպվում, իսկ մյուսը՝ հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը տեղի կունենա արցախյան գինիների փառատոնը: Փառատոներն, ըստ Սերգեյ Շահվերդյանի, զբոսաշրջության զարգացման վրա ազդող միջոցներից են:










