Տեխասի դպրոցներից մեկում 9-ամյա տղային որպես պատիժ 3 ժամ ցուրտ սենյակում են փակել (լուսանկարներ)

13:06 • 19.05.15

ԱՄՆ Տեխաս նահանգի Նյու Բրաունֆելս քաղաքում գտնվող դպրոցներից մեկին խստորեն քննադատել են 9-ամյա աշակերտին ցուրտ և դատարկ սենյակում 3 ժամ պահելու համար, գրում է rt.com-ը։

 

Իննամյա Ալեքսն ընդմիջման ժամին սնունդ է նետել դասարանցիների ուղղությամբ, ինչի համար նրան պատժել են, իսկ ծնողներին՝ կանչել դպրոց։

 

Երբ մայրը եկել է Կառլ Շուրցի անվան դպրոց՝ տղային տեսնելու, նրան գտել է «պատժասենյակի» անկյունում լալիս՝ գետնին նստած։

 

Տղայի հայրը վրդովվել է և վեբկայք բացել միջադեպը լուսաբանելու համար, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են իր որդուն դասարանից մեկուսացրել՝ տանելով չջեռուցվող սենյակ և նրան այնտեղ ժամերով պահելով։ 

 

Երբ Ալեքսը տաքանալու համար իր բաճկոնն է խնդրել, նրան կոպտել են և ասել, որ մինչև սենյակի կենտրոնում գծած շրջանակի մեջ մի քանի ժամ չնստի՝ նրան թույլ չեն տալու վերադառնալ դասարան։

 

Քաղաքապետարանն այժմ ուսումնասիրում է խնդիրը։