Արգենտինայի Տուկուման քաղաքի Անկախության տուն-թանգարանը լուսավորվեց հայոց եռագույնի գույներով
Տուկումանի Անկախության պատմական տունը մայիսի 15-ին լուսավորվեց հայոց դրոշի գույներով` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:
Միջոցառումը, որի ժամանակ նաև իր երաժշտությունը ներկայացրեց երգչուհի Կլաուդիա Ռուիս Ույդոբրոն, ինչպես նաև` Ֆերնանդո Ռիոս Կիսները ընթերցեց արգենտինահայ գրող Ռուբեն Դորումյանի «Ապրիլ նշանակում է ապրել» ստեղծագործությունը, կազմակերպվել էր Անկախության պատմական տուն-թանգարանի, Ընդդեմ խտրականության, այլատյացության և ռասիզմի ազգային ինստիտուտի և Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով:
«Երգերը, որ լսում ենք, և պոեմները, որ ընթերցվում են, գալիս են մշակույթի լեզվով հաստատելու, որ ցեղասպանությամբ ցանկանում էին ժխտել մի ողջ ժողովրդի ինքնություն: Հայոց ցեղասպանությունը նպատակ ուներ միատարր թուրքական հասարակություն ստեղծելու` ճնշելով հայոց ինքնությունը», - միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ընդդեմ խտրականության, այլատյացության և ռասիզմի ազգային ինստիտուտի համակարգող Գիյերմո Ֆեռաիոլին:










